Հոգնածները
10.04.2020 | 13:12
Պիտի որ հիշեք Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի անմահ «Ոսկե հորթի» այն դրվագը, որտեղ ծովում հանգիստը վայելող քաղաքացի Սկումբրիևիչից թալանի վերաբերյալ տվյալներ կորզելու համար վեպի հերոսները հարկադրված գործում են ոչ միայն ցամաքում, այլև ծովում։
Լուսանկարում պատկերված են` փոխնախարարի մակարդակով սուպերնախարարությունում հայ մշակույթը համակարգող Արա Խզմալյանը (ձախից առաջինը), մեջտեղում 2018-ի հեղափոխությունը նախականխած, այդ հեղափոխության շունչը մրրկահավի թևերով հայ կինո բերած, կինոկենտրոնի տնօրենի երեքամյա ժ/պ Շուշանիկ Միրզախանյանն է, նրանից աջ կինոկենտրոնի Բացառիկի անձնական թարգմանչուհի Նաիրա Գևորգյանն է, որի միայն այս վոյաժը հիմնարկի համար նշանակել է արտաբյուջեից 2 մլն դրամի գոլորշացում։
Իհարկե, հակառակ ոսկեհորթյանի, մեր հերոսները տվյալ պարագայում ծովում չեն, ընդամենը համաշխարհային ջրերից անդին գտնվող մայրցամաքում են երկու օր առաջ ավարտված բեռլինյան հոգնատանջ գործուղումից հետո, որտեղ հայ կինոն հանրայնացնելու անվան տակ անզուսպ գինարբուքով ուղեկցված ամբողջ սրտով ու հոգով տրվել են չրեղեն ծամելու գործընթացին։
Որն է եղել սույն եռյակի ամերիկյան այցի նպատա՞կը։
Նախ դա այց չի եղել, այլ եղել է պատմական բացառիկ առաքելություն, ինչի շրջանակներում «Զանգեզուր» ֆիլմի DVD-ն է Ամերիկա հասցվել մեր հայրենակիցներին ի տես դնելու համար։
Պիտի գնահատել իմանալ՝ սույներն ամբողջ երեք հոգով մի ողջ կինոմեխանիկի ծանր աշխատանք են իրենց ուսերին վերցրել, դրա համար են հոգնությունից այսպես քաղցր քուն մտել։
Քնել են։ Պարզապես քնել։
ՈՒրիշ ոչինչ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ